18/07/2018 13:39
Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է
«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։
Նա հայտարարել է, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Պ. Մանուկյանի հայտարարությունը։
«Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- Facebook-ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդում հարձակման ընթացքում, ըստ ՀՔԾ հաղորդագրության, զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Հիշեցնենք՝ Գագիկ Մկրտչյանը, որը ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, մահացել էր օգոստոսի 13-ին:
45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այդ ընթացքում նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: