19/07/2018 09:51
ԵԱՀԿ ներկայացուցիչը պնդում է, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը վատ վիճակում է, Հաջիևը՝ հակադարձում
Թբիլիսիում ընթանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսը, որին ներկա են տարածաշրջանի երկրների լրագրողներ ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը հայտարարեց, որ լավ է ուսումնասիրել տարածաշրջանի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը։ Նա կարողացավ լրագրողների հետ կապված վատ իրավիճակներ հիշել միայն Ադրբեջանի մասին։
«Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը սարսափելի վատ է, այնտեղ լրագրողներ են առևանգվում, ձերբակալվում են, դատապարտվում։ Դրանք ոչ հաճելի միջադեպեր են, և մարդիկ վախենում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մինչդեռ պետք է ազատությունն ապահովել ամենուր»։
ԵԱՀԿ դիվանագետը նույնիսկ հիշատակեց Աֆղան Մուխթարլիի անունը, որին առևանգել էին, հիշեց «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևի նկատմամբ հարուցված քրեական գործը։
Հ.Դեզիրն ասաց, որ ինքն արդեն եղել է Հայաստանում, այժմ Վրաստանում է և առաջիկայում պատրաստվում է այցելել Ադրբեջան, որտեղ, հնարավոր է, հանդիպի անազատության մեջ գտնվող լրագրողների հետ։
«Ես աշխատելու եմ, որ տարածաշրջանում նման իրավիճակ չլինի», - հայտարարեց նա։
Կոնֆերանսին ադրբեջանական կողմից ներկա էր նաև այդ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը։
ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարությունը մեկնաբանելու մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասաց, որ իրենք պատրաստ են կառուցողական երկխոսության։
«Մենք չենք ընդունում նման հայտարարություն։ Ադրբեջանում խոսքի ազատությունն ամբողջությամբ ապահովված է։ Մեր երկրում հինգ հազարից ավելի մեդիա ռեսուրսներ են աշխատում, տասը հազարից ավելի մարդիկ աշխատում են լրատվական դաշտում։ Այդ պատճառով վերցնել կոնկրետ դեպք և դրա հիման վրա գնահատել ամբողջ ենթակառուցվածքը, ճիշտ չէ», - ասաց Հ.Հաջիևը։
Նշենք, որ Հայաստանից ԵԱՀԿ կոնֆերանսին ներկա են լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԳՆ ներկայացուցիչ Էլեն Հարությունյանը, կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, կառավարության արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ Գրիգոր Հակոբյանը։