19/07/2018 10:03
Բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերը գրում է. «Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարևան երկիրը մեծ քանակությամբ զորք և զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված է»: Միաժամանակ նա հայտարարել էր, թե պետք է պարզապես արձանագրել այդ իրավիճակն ու ցանկացած պահի պատրաստ լինել հակահարված տալու:
Նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին ևս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, և ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը ևս կապ ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը: Ակնհայտ է` այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն, միաժամանակ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Ու վատթարագույն սցենարները բացառելու համար ճիշտ կլիներ, եթե գործի դրվեին բոլոր հնարավոր միջոցները, նաև արտաքին դիվանագիտությունն էլ ավելի ակտիվացնել` ի վերջո ջանքեր գործադրելով նաև լուծելու ԼՂ խնդիրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում