20/07/2018 12:15
Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և Գորչակովի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին:
Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա:
Նախագահ Սարգսյանը նաև ողջույնի ուղերձ է հղել գիտաժողովի մասնակիցներին, որում նա նշել է, որ դրա կազմակերպումը մեկ անգամ ևս վկայում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի ռազմավարական համագործակցության և այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:
«Հատկանշական է, որ միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը վայելում են մեր երկրների հասարակության լայն շրջանակների աջակցությունը, իսկ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել հեռանկարային նոր ծրագրեր: Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է և պետք է ինտենսիվ զարգանա՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների շահերի», -իր ուղերձում նշել է նախագահը: