20/07/2018 12:01
Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Հայաստանի նախագահի հրամանագրով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել Լիլիթ Թադևոսյանը, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդում Լիլիթ Թադևոսյանին միայն երկրորդ փուլում էր հաջողվել ընտրվել ՎԴ քրեական պալատի դատավորի թեկնածու:
Ընտրության առաջին փուլում նա և մյուս թեկնածու Ելիզավետա Դանիելյանը ստացել էին 5-ական ձայն: Սակայն երկրորդ փուլում Լիլիթ Թադևոսյանի ձայներն ավելացել էին և նա 3-ով առաջ էր ընկել իր մրցակցից: