20/07/2018 15:23
Իսպանիան չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան չեղարկել է վեց կատալոնացի գործչի արտահանձնման մասին հայտը, որոնց ցանկանում էին հայրենիք վերադարձնել ապստամբության կազմակերպման մեղադրանքով: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:
Լյարենան չեղարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը: Պուչդեմոնն Իսպանիայից մեկնել էր Բելգիա, այնուհետև Գերմանիա:
Իսպանական դատարանն այս քայլին գնացել է, երբ գերմանական դատարանը վերջերս վճռել էր, որ Պուչդեմոնը չի կարող հետ ուղարկվել Իսպանիա:
Միևնույն ժամանակ Պուչդեմոնի ձերբակալման ազգային հրամանն ուժի մեջ է մնում: Եթե նա որոշի վերադառնալ Իսպանիա, կձերբակալվի:
Պետական միջոցները ծախսելու մեղադրանքով Պուչդեմոնին մինչև 12 տարվա ձերբակալություն է սպառնում, իսկ ապստամբություն կազմակերպելու համար առավել խիստ պատիժ է սահմանվում՝ 15-20 տարվա ազատազրկում: