20/07/2018 14:40
Հայաստանի համաչափ զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքների հողի և գույքի օտարման միասնական առցանց տեղեկատվական հարթակի ու համայնքների անձնագրերի կազմման գործընթաց և այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում հասարակական խորհրդի ակտիվ մասնագիտական մասնակցությունն ու օժանդակությունը»,- ասել է նախարարը։
Սուրեն Պապիկյանը շեշտել է հանրային սեկտորի հետ համագործակցության կարևորությունը, պետական կառավարման մեջ նրանց դերակատարումը և ամրագրել, որ հասարակական կազմակերպությունները հասարակական գիտակցության բարձրացման և հասունության ապահովման մեջ առանցքային դերակատարություն ունեցող յուրօրինակ օղակ են։
Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ պատրաստ է քննարկել գործընկերների այն բոլոր տեսլականները, գաղափարներն ու մոտեցումները, որոնց արդյունքում հնարավոր կլինի հանգել ոլորտի համար արդյունավետ լուծումների։