20/07/2018 12:37
Ադապտացիայի շրջան է, որի ընթացքում լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են և որոնք չեն հարմարվելու նոր իրավիճակին. Փաշինյանն՝ իր կադրային քաղաքականության մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարազաբանումներ է ներկայացրել իր կադրային քաղաքականության վերաբերյալ:
Նա մասնավորապես նշել է, որ իր ղեկավարած նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ առաջին խմբում նոր մարդիկ են, երկրորդ խմբում՝ հին մարդիկ և երրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր լինելով հին ժամանակներում աշխատած, փոխել են իրենց կարգավիճակը նոր ժամանակներում:
«Մենք պետք է արձանագրենք, որ այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Այս իրավիճակը նոր է բոլոր խումբ կադրերի համար, և կառավարության, իմ վարած քաղաքականության ամենակարևոր խնդիրը, որ լուծել ենք կադրային իմաստով, եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելը: Տեղի է ունենում ադապտացիայի շրջան, որի ընթացքում լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ ովքեր չեն հարմարվելու իրավիճակին: Սա անխուսափելի է, որովհետև այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շարքային փոփոխություն չէ: Դա նպատակների, ազգային, ներպետական ամբիցիաների փոփոխություն է», -հայտարարել է Փաշինյանը: