20/07/2018 13:24
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելանան. վարչապետ
Պետական կառավարման համակարգում պետք է բալանսավորում տեղի ունենա, որը սակայն մեկ օրում չի լինելու, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով նախագահի և վարչապետի լիազորությունների բալանսավորման մասին հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք խորհրդարանական կառավարմամբ համակարգ ենք ստեղծել, բալանսավորում եղել է: Այսօրվա մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի ու վարչապետի միջև, այլ՝ կառավարության և Ազգային ժողովի միջև: Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը»,- ավելացրեց վարչապետը:
Նա անընդունելի համարեց այն մտայնությունը, թե պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ է ներդրված, իսկ երկրի ղեկավարումը դրված է ՀՀ վարչապետի ու կառավարության վրա:
Այդուհանդերձ, անդրադառնալով նախագահի լիազորություններին, Փաշինյանը չբացառեց, որ նախագահի ինստիտուտի համար մի քանի արարողակարգային լիազորություններ ավելանան:
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելանան: Նաև կարծում եմ, որ մինչև ընտրությունները մենք դրամատիկ քայլերի շատ չենք գնա, որովհետև ի վերջո տեղի է ունեցել մի իրադարձություն, և կառավարությունը ունի մանդատ` իրականացնելու հեղափոխության բոլոր նպատակները»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն, ի տարբերություն իշխանության մյուս թևերի, այժմ ունի լեգիտիմության բարձր աստիճան:
Այդ պատճառով, ըստ Փաշինյանի, իրենք պարտավորված են լինելու օգտագործելով ժողովրդի մանդատը` սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ: