20/07/2018 12:34
Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ. վարչապետ
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Վարչապետը լրագրողներին ասաց, թե կարծում է, որ այսօր ասուլիսնին կտրվեն բոլոր հուզող հարցերի պատասխանները:
Մինչ հարց ու պատասխանին անցնելը, վարչապետը նշեց, որ դիտարկումներ ունի:
«Նշվում է, թե այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ տնտեսական քաղաքկանություն է վարում մեր կառավարությունը, կարծում եմ, որ մենք մանրամասնորեն չենք բացատրել` մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից առաջ ունեցել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտներ հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել ու սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ներքին արդյունքի ձևավորման մաս դառնալ:
«Այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, պետք է լինեն հասանելի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դրա համար քաղաքական ոչ մի խոչընդոտ չի լինելու:
Վարչապետն ասաց, որ այս ամենը պետք է արվի հանդարտ, առանց ցնցումների:
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպիցայի դեմ պայքարն ու անկախ դատակաան համակարգի ստեղծումը»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ:
«Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: