20/07/2018 13:13
Չի լինելու մի քրեական գործ, որը վարող քննիչի դերում կլինի ՀՀ վարչապետը. Փաշինյան
Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ չի լնելու այնպիսի մի քրեական գործ, որը վարող քննիչի դերում կլինի ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՍԱՊԾ ղեկավարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Ավետիսյանն, ով ժամանակին ծաղրանքով է խոսել Փաշինայանի գլխավորած շարժման մասին, վարչապետն ասաց.
«Գեորգի Ավետիսյանի մասով` սա անհերքելի ապացույցն է, որ Հայաստանում, իրոք, տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որովհետև եթե նայենք` ո՞վ, ե՞րբ ու ինչի՞ համար է ծաղրել... էդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` իրենք չեն կարող լինել անսխալական:
«Ես բացառում եմ ունենալ այնպիսի մի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալը ուղղելու ճանապարհին»,- ասաց Ն. Փաշինյանը: