23/07/2018 12:48
Ռուսական ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու. Իսկանդարյան (Տեսանյութ)
Ռուսական 102-րդ ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություն չի լինի, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը.
«Չգիտեմ՝ պաշտպանության նախարարն ինչ է ասել, բայց ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու: Համագործակցությունը կընդլայնվի և կկատարելագործվի», - ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքագետը նշեց, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, իսկ դրա շուրջ բարձրացած աղմուկը հասարակական տրամադրությունների արդյունք է:
«Հայաստանում կա մարդկանց որոշակի հատված, ովքեր այդքան էլ գոհ չեն ՌԴ հետ հարաբերություններից: Անընդհատ ասվում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ ռազմբազայի գոյությունը ոչ թե ապահովության երաշխիք է, այլ վտանգ է ներկայացնում: Այս տրամադրությունները հանգեցնում են նրան, որ անգամ փոքր մասշտաբների իրադարձությունները նման բանի են բերում»,- նշեց նա:
Իսկանդարյանը նշեց, որ հասարակության նման արձագանքից ՌԴ հետ հարաբերություններն ազդեցություն չեն կրի:
«ՌԴ հետ հարաբերությունները կմնան այնպես, ինչպես կան: Պաշտպանության նախարարն իր խոսքում ըստ էության հենց դա էլ նկատի ուներ: Հայ-ռուսական հարաբերությունները անվտանգության առումով ավելի ուրիշ հարթակում են գտնում»,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե վարչապետն այս իրադարձությունները որակել էր սադրանք, ովքե՞ր էին կանգնած այդ սադրանքի հետևում, քաղաքագետը նշեց.
«Սոցցանցերը և լրագողները: Սա «պանիկա» է: Յուրաքանչուր իրադարձություն պանիկայով ընդունելը բնորոշ է հայ հասարակական մտքին, լրագրությանն ու սոցցանցերի վերլուծական մտքին: Եթե այսպիսի ընկալում չլիներ, ապա այդ իրադարձությունները գուցե անգամ աննկատ անցնեին»:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ էին հնչել: