23/07/2018 14:20
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար, տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
Հայտերն ընդունվում են օգոստոսի 1-ից մինչև 31-ը։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը հրաժարական էր տվել դեռ հուլիսի 10-ին։ ԱԱԾ լրատվական ծառայությունը ավելի վաղ հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարդանյանն այժմ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրա փաստաբանները Aysor.am-ին ասել էին, որ Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա։