
24/07/2018 16:04
Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է. ով և ինչպես է վճարել 1 մլրդ դրամ գրավը. Փաստաբանը մանրամասներ է հայտնել
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ազատության համար վերաքննիչ դատարանի սահմանած 1 մլրդ դրամ գրավը վճարվել է, և Ղազարյանն այժմ ազատության մեջ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
«Գրավը փոխանցվել է դեպոզիտ հաշվին։ Ինչ միջոցներով, ինչպես է վճարվել, որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել։ Պարոն Ղազարյանն այժմ ազատության մեջ է», - ասաց Հարությունյանը։
Փաստաբանը հերքեց տեղեկությունները, թե գրավի գումարը պատրաստվում էին վճարել քրեական հեղինակություն համարվող անձինք։ «Նման բան չկա, դա ապատեղեկատվություն է», - հավելեց նա։
Դիտարկմանը, թե հասարակության շրջանում կա տարակուսանք՝ որտեղի՞ց նրան այդքան գումար և արդյոք այդ փաստը ևս հնարավոր քննության առարկա կդառնա, փաստաբանը արձագանքեց.
«Դա արդեն նախաքննությունը կարող պարզել։ Ես մի բան կարող եմ ասել՝ գրավի վճարումը չի նշանակում, որ դա իր միջոցները պարտադիր պետք է լինեն։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ վճարված գրավը պատկանի հենց կալանավորված անձին»։
Ինչ վերաբերում է Ղազարյանի կողմից առաջադրված մեղադրանքը ընդունել-չընդունելուն, փաստաբանն ասաց, որ այս պահին այդ մասին որևէ բան չի կարող ասել և պետք է սպասել, մինչև իրենք հայտարարություն կանեն։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանի փաստաբանը բոողքարկել էր նրան կալանավորելու մասին որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանն իր հերթին որոշել էր սահմանել 1 մլրդ դրամ՝ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու համար։
Նշենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին: