24/07/2018 15:36
Վաչագան Ղազարյանի ազատման դիմաց 1 մլրդ դրամը վճարվել է
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված 1 մլրդ դրամ գրավի գումարը, ինչի արդյունքում նա կալանքից ազատ կարձակվի, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանի փաստաբանը բոողքարկել էր նրան կալանավորելու մասին որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանն իր հերթին որոշել էր սահմանել 1 մլրդ դրամ՝ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու համար։
Նշենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին: