25/07/2018 15:26
«Դանա» ինքնագնաց հաուբիցներ ու RM-70 ՀԿՌՀ-ներ Ադրբեջան վաճառք իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:
Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը, անդրադարձել կառավարության հակամենաշնորհային և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերին, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին և ուղիներին վերաբերող հարցեր: Առաջարկվել է կազմակերպել հայ-չեխական գործարար-համաժողովներ:
Խորհրդարանի փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան արտահանման կապակցությամբ:
Պետր Միկիսկան նշել է, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը: Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորի մարզում երկրաջերմային (գեոթերմալ) էլեկտրակայան կառուցելու համար: