30/07/2018 12:24
Մարտի 1-ի բացահայտումների հետ կապված իրադարձություններն իշխանության տրանզիտի արդյունքն են. Իսկանդարյան (Տեսանյութ)
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պետք է դիտել իշխանության տրանզիտի կոնտեքստում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Մարտի 1-ի գործով վերջին զարգացումներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանի կալանավորմանը:
«Այս ամենը իշխանության տրանզիտի արդյունքն է: Դրա գործիքներից մեկը այն սպասելիքների գոհացումն է, որը կար մարդկանց մոտ մինչև այս անձանց իշխանության գալը, երկրորդ մասը` նախկին ռեժիմի հետ կապված մարդկանց հանդեպ հետապնդումն է», - նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Քոչարյանին` Իսկանդարյանը նկատեց, որ Քոչարյանը համարվում է նախկին քաղաքական սիստեմի հեղանակը, ով թեև ՀՀԿ ստեղծողը չէ, բայց նրա նախագահության ժամանակ էր, որ ՀՀԿ-ն եկավ իշխանության:
«Սերժ Սարգսյանն էլ որպես նրա ժառանգորդ է համարվում: Քոչարյանն ընկալվում է մարդ, որը մի շարք գործերում մեղավոր է, այդ թվում և՝ մարտի 1-ի: Նոր իշխանությունները խաղում են դրա վրա: Հասկանալի է, որ այս գործը պատշաճ հետաքննված չէ և հասարակությանը, առհասարակ, չի ասվել, թե ով էր այս ամենի համար մեղավորը, ահա թե ինչու է այս երևույթը մարդկանց համար այդքան ցավոտ», - նկատեց նա:
Իսկանդարյանը նկատեց, որ պոստսովետական իրականության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ նախկին նախագահը հետապնդվում է, բայց սա նախադեպ է ու Քոչարյանը չի խուսափել դրանից, ինչը իրավիճակին այլ կերպ է ստիպում նայել:
Նրա խոսքով՝ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց նոր իշխանության իմացության և թույլտվությամբ:
«Ինձ համար դժվար է ասել, որ այս ամենը տեղի է ունենում առանց նոր իշխանությունների իմացության, ու Փաշինյանը և նրան շրջապատող մարդիկ ոչինչ չգիտեն և դատավորը դա անում է զուտ իր գործի տեսանկյունից ու դա քաղաքականության հետ կապ չունի», - եզրափակեց խոսքը քաղաքագետը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: