08/08/2018 15:17
Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն. Շարմազանովը՝ պատգամավորների միջնորդությունը մերժելու մասին
Հաշվի առնելով Հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ինձ համար սպասելի էր դատախազության նմանատիպ որոշումը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով դատախազության կողմից մի խումբ պատգամավորների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը մերժելուն։
«Բայց սպասելի չի նշանակում, որ հիմնավորված է, սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի սոտրագրությունը»,-ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ այն չակերտավոր «հիմնավորումները», որ տվել է ՀՀ գլխավոր դատախազությունը, իր համար հիմնավոր չեն։
«Երբ երկու-երեք պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը ու նրանք ազատության մեջ են հայտնվում, իսկ երկրի 2-րդ նախագահը, որը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ ու Ազգային հերոս, որը ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ, սա տարակուսելի է, սա անհիմն է»,-ասաց Է. Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց՝ կարծում է, որ գնալով հաստատվում է իր այն մտահոգությունը, որ Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն։
«Ամեն դեպքում, սպասենք դատարանի վաղվա որոշմանը»,- ասաց Է. Շարմազանովը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն կսպասի դատարանի վաղվա որոշմանն ու դրանից հետո կքննարկի հետագա գործողությունները։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։
«ՀՔԾ պետի հայտարարությունները ուղղակի միջամտություն են իրավապահ մարմինների գործունեությանը, և ես կարծում եմ, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում մենք ունենում ենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ չէ լսել իր կարծիքից տարբերվող քաղաքական գործիչների կարծիքներ, սա է ամենավտանգավորը»,- ասաց Է. Շարմազանովը։