08/08/2018 11:34
Հայաստանի ԱԺ պատգամավորների միջնորդությունը մերժվել է. Քոչարյանը կմնա կալանավորված
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու մասին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը», - ասաց Արևիկ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ պատգամավորների միջնորդությանը, դատախազության պաշտոնյան ասաց, որ այն դեռ չեն ստացել։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Ազգային ժողովից 45 և Արցախի Ազգային ժողովից 15 պատգամավոր Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։