08/08/2018 17:41
«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար
Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին, հայտնում են ՊՆ-ից։
Հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։
Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ տրամադրում ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնին։
Ռազմիկ Արզումանյանը պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ռազմաբժշկականից բացի, հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև այլ ուղղություններով՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։
Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի՝ բանակի զարգացմանը միտված գործունեության համար և նշել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։