10/08/2018 17:05
Ռոբերտ Քոչարյանը ունի հնարավորություն մարզվելու, մեկժամյա զբոսանքի, ինչպես նաև՝ գրքի վրա աշխատելու. Փաստաբան
Կալանավայրում գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման վայրի հետ կապված տեխնիկական հարցերը լուծվել են, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Պարոն Քոչարյանը պահման պայմանների առանձնահատուկ կամ գլոբալ դժգոհություն չունի։ Նա ունի հնարավորություն մարզվելու, մեկժամյա զբոսանքի, ինչպես նաև ունի հնարավորություն աշխատել իր գրքի վրա», -ներկայացրեց Օրբելյանը։
Ինչ վերաբերում է տեսակցություններին, փաստաբանն ասաց, որ հարազատների հետ տեսակցությունն արգելվում է և այդ մասին քննիչի որոշումը նույնպես պատրաստվում են բողոքարկել։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել՝ խնդրելով վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին։ Բացի այդ, փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ իր հերթին դիմել էր Վերաքննիչ դատարանին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխել ու կիրառել գրավ։ Վերաքննիչ դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է, և որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով 2008 թվականին ՀՀ-ում մի քանի անձանց հետ համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։