10/08/2018 18:38
Այն պաշտոնյաները, որ պաշտոնը օգտագործել են միայն իրենց ընտանիքների անդամների միլիոնատեր դառնալու համար, նրանք Հայաստանի ժողովրդի առաջ կանգնելու իրավունք չունեն. Փաշինյան
Այսօր Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում Նոյեմբերյանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկա խնդիր, որն իրենք չլուծեն։
«Պրոբլեմը հաղթահարելու ձևը հետևյալն է՝ մենք իրար հետ յուրաքանչյուրս մեր անելիքը գիտակցելով, յուրաքանչյուրս մեր անելիքը անելով, յուրաքանչյուրս մեր բաժին պատասխանատվությունը ստանձնելով, մեր երկրի խնդիրները լուծելու ենք», -Նոյեմբերյանում ունեցած ելույթում հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե մի քանի ամիս առաջ Հայաստանում կատարվածը մեկ պատճառով եղավ. «Ձեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն հավատաց, թե ինչ հզոր է ինքը»։
Վարչապետն ասաց, թե եկել է Տավուշի մարզ՝ բնակիչներին վստահեցնելու, որ Հայաստանի կառավարությունը վստահ է, որ ի վիճակի են երկիրը միասին դարձնել ազատ, հզոր և երջանիկ։
«Ես ուզում եմ ձեզ կոչ անել, որ դուք որևէ կերպ չեք տրվելու հոռետեսությանն ու հուսահատությանը։ Էսօր մարդիկ կան, որ ասում են՝ վայ, վարչապետ ա ընտրվել, էս տանիքը քանդած ա, էս սենց ա, ընենց ա։ Էդ մարդիկ միշտ էլ եղել են։ Էդ մարդիկ 20 տարի եղել են և նրանց խնդիրը մեկն է եղել՝ ամեն ինչ անել, որ մեր ժողովուրդը ինքը իրեն, իր ուժերին, իր ապագային չհավատա։ Որ իրենք էդ հուսահատության մեջ գռփեն, թալանեն։ Եվ նրանք էսօր էլի ուզում են վեր կենան, ասեն՝ վայ, ոչ մի բան չի ստացվելու, օրինականությունը լավ չի, թալանն ա լավ։
Ես համոզված եմ, որ դուք էդ ամեն ինչին չեք արձագանքելու։ Էն պաշտոնյաները, որ պաշտոնը օգտագործել են միայն իրենց, իրենց ընտանիքների անդամների, ախպերների միլիոնատեր դառնալու համար, նրանք Հայաստանի ժողովրդի առաջ կանգնելու իրավունք չունեն։ էսօր ժողովուրդը և իշխանությունը միասնական են, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը գտել է իր ապագայի բանաձևը, որովհետև այսօր իշխանությունը դուք եք, իսկ կառավարությունն ընդամենը ձեզ ծառա է։ Չկասկածեք, որ կառավարությունը անմնացորդ ծառայելու է ձեզ», - դիմելով հավաքված ժողովրդին, հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրավիճակը երկրում փոխվել է, և Հայաստանի քաղաքացին սիրում է իշխանությանը, իսկ իշխանությունն էլ սիրում է ՀՀ քաղաքացուն։