10/08/2018 19:14
Հայաստանի վարչապետը ձեր հաշվին երբեք չի հարստանա. Վարչապետը՝ սահմանամերձ համայնքի բնակիչներին
Այսօր Նոյեմբերյանում Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շաքարավազի մենաշնորհը ՀՀ-ում վերացել է։
«Ժողովուրդ ջան, կառավարության քաղաքականության արդյունքում շաքարավազի մենաշնորհը Հայաստանի Հանրապետությունում վերացել է և գինն էլ 100 դրամով իջել է», -հայտարարեց վարչապետը։
Նա նկատեց, որ սովորաբար երկրներում իշխանափոխություններից հետո տնտեսական անկում է գրանցվում, սակայն Հայաստանում իրավիճակն այլ է.
«Հունիս ամսին Հայաստանում եղել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ես հասկանում եմ, որ այդ տնտեսական ակտիվությունը հին մոդելի տնտեսական ակտիվություն և աճ է, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում իրենց կյանքում։ Բայց մեր խնդիրը հենց այն է, որ այնպես փոխել այդ մոդելը, որ այդ տնտեսական աճի արդյունքները զգան ոչ միայն խոշոր ձեռնարկությունները, այլև՝ ՀՀ քաղաքացիները»։
Վարչապետը ընդգծեց, որ հիպոթեքային վարկի տոկոսադրույքները նվազեցվել են, թեպետ բարձր են, գյուղացիների համար տույժ-տուգանքները ներվում են, իսկ ներդրումների համար պայմաններ են ստեղծվում։
Փաշինյանը խոսեց նաև իր մասին ու նկատեց, որ եթե ՀՀ վարչապետը բիզնես ունենա, ապա դա աղետ կլինի երկրի համար։
«Հայաստանի վարչապետը պետք է մտածի, թե ինչ անի, որ ուրիշները հարստանան։ Վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը մտածում ու քայլեր է ձեռնարկում, թե ինչպես անի, որ դուք հարստանաք։ Եվ ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը ձեր հաշվին երբեք չի հարստանա, վարչապետը մեր երկրի բարիքները երբեք չի գողանա», -սահմանամերձ համայնքի բնակչության առաջ հայտարարեց Փաշինյանը։