10/08/2018 18:45
Հայ ժողովուրդը պատասխան է պահանջելու հեղված ամեն կաթիլ արյան համար. Վարչապետ
Այսօր Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչպես է ներկայիս կառավարությունը պատկերացնում Հայաստանի տնտեսության զարգացումը։
«Ցանկացած միջազգային կազմակերպություն կասի, որ որևէ երկրում ներդրումների համար կարևորագույն պայմանը պայքարն է կոռուպցիայի դեմ և օրինականությունը, մարդկանց հավասարությունը օրենքի առաջ։ Շատերն ասում են, թե մենք կոռուպցիայի դեմ պայքարով ինչ-որ այլ քաղաքական խնդիր ենք լուծում։
Մենք կոռուպցիայի դեմ պայքարով լուծում ենք ուրիշ խնդիր՝ մենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնում ենք արդարության զգացումը, մենք ՀՀ քաղաքացիների անունից ասում ենք՝ որևէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում իրեն արտոնյալ զգալ, ուրիշներին սպանել անպատիժ, ուրիշներին թալանել անպատիժ և որևէ մեկը չմտածի, թե Հայաստանի ժողովրդի և պետության ունեցվածքի և հարստության դեմ տեղի ունեցած որևէ հանցագործություն մնալու է անպատիժ, հայ ժողովուրդը պատասխան է պահանջելու ամեն թալանչիից գողացված ամեն լումայի, ամեն դրամի համար և հեղված ամեն կաթիլ արյան համար։ Կներեք բառիս համար, հաբռգած պաշտոնյաների ժամանակն անցել է», հայտարարեց Փաշինյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ իր այս խոսքը վերաբերում է ոչ միայն նախկին այլ նաև ներկայիս՝ իր ղեկավարած կառավարությանը։