10/08/2018 19:33
Ես ուրիշների ու ճշմարտության հարաբերությունների մեջ չեմ խառնվում. Վարչապետը՝ Քոչարյանի մասին ՀՅԴ հայտարարության վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելու մասին Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության հայտարարությունը դիտում է ժողովրդավարական գործընթացների համատեքստում։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է և յուրաքանչյուրը ազատ է հայտարարել՝ ինչ մտածում է», հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով այժմ կառավարության կազմում գտնվող Դաշնակցության հայտարարութան վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք՝ Քոչարյանին կալանավորելուց հետո ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել՝ խիստ մտահոգիչ համարելով այդ փաստը. «Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։
Թեպետ ՀՅԴ-ն կառավարության մաս է կազմում, սակայն, ըստ Փաշինյանի, նրանց վրա պատասխանատվության բեռ դրված չէ։ Ավելին, Փաշինյանը հիշեցրեց, խորհրդարանում իր ընտրության ժամանակ ունեցած ելույթը և ասաց, որ ամեն ինչի պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը։
«Այլ խնդիր է, թե այն, ինչ մտածում և հայտարարում են, ինչ հարաբերությունների մեջ է ճշմարտության հետ։ Դա էլ յուրաքանչյուրի՝ ճշմարտության հետ ունեցած հարաբերությունների հարցն է։ Ես ուրիշների ու ճշմարտության հարաբերությունների մեջ չեմ խառնվում», հայտարարեց Փաշինյանը։