11/08/2018 12:06
Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր. Շարմազանովը` Փաշինյանին
ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը. դուք առավել ևս չեք կարող, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Պարոն վարչապետ, կարծում եմ՝ պետք է իմանաք, որ ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը. դուք առավել ևս չեք կարող։ Իսկ տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր և 2,5 ամիսը լրիվ բավարար էր դա հասկանալու համար», - ասել է ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ նախօրեին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ ՀՀԿ-ականների՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ասել է` «ով որ քաղաքական հետապնդումից խոսի, ՀՀԿ-ն թող տանձից-խնձորից խոսի»:
Խոսելով Դաշնակցության նման դիրքորոշման մասին` Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին: