11/08/2018 13:11
Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու ու դատվելու են, հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան
Իմ և մեր կառավարության պարտավորությունն է մեր իշխանությունը օգտագործել ձեր հարստացման համար, այսօր հարազատ ծննդավայրում՝ Իջևանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու խնդրեց քաղաքացիներին օգնել իրենց այդ հարցում։
Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ իրենք չեն թալանելու երկիրը, չեն գողանալու, բայց իրենք միայնակ չեն կարող այդ հարցը լուծել ու անհրաժեշտ է, որ քաղաքացիներն օգնեն իրենց՝ տեղերում բռնելով գողացողների ձեռքը։
«Երկրից և պետությունից, ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի, ով ուզում է լինի», -հայտարարեց Փաշինյանը։
Նա իջևանցիներին ասաց, որ նոր իրավիճակում Հայաստանում հաջողության բանաձևը ոչ թե քծնելն ու կաշառք տալն է, այլ՝ ինտելեկտը, պրոֆեսիոնալ հմտությունները։
«Զոդողը, քարտաշը, խառատը, եթե ամեն հաջորդ օրը ավելի լավ վարպետ չէ, քան նախորդ օրը, ինքը հաջողություն չի ունենալու։ Էսօր գալիս, ասում են՝ երեխես բարձրագույն կրթություն է ստացել, աշխատանք չի գտնում։ Ասում ենք՝ երեխեն քանի օտար լեզու գիտի, ասում է՝ ոչ մի։ Այն մարդը, որը 20-րդ դարում գոնե երկու օտար լեզու չգիտի, այդ մարդը չի կարող համարել, որ ինքը ունի բարձրագույն կրթություն, որովհետև բարձրագույն կրթությունը դիպլոմ չէ», - Իջևանում հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով տրամադրվել աշխատելուն։
Վարչապետը նաև խոսել է ընտրություններից ու հայտարարել, որ պետք է երկրում բացառվի ընտրակաշառքով ընտրելը. «Ով ընտրակաշառքով ձայն է տալիս, նա քանդում է իր երեխայի ապագան։ Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու ու դատվելու են։ Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է, բոլորը բռնվելու և դատվելու են։ Փողով ընտրություններ առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից, ընդհանրապես, որովհետև փողով, մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն, մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո էլ գնան էդ թալանած փողերը ծախսեն, ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև իրենց կենդանի պաշտպանող չկա»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ օրն է՝ Տավուշի մարզում է։ Նա երեկ եղել էր Բերդում, Նոյեմբերյանում։