13/08/2018 18:08
Հայաստանում «ֆուռերով» ձմերուկ է հայտնվել. Գյուղացիները պնդում են՝ ադրբեջանական է (Լուսանկարներ)
Այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում մեծ քանակի ձմերուկ է հայտնվել։ Արմավիրի մարզի Հովտաշատ գյուղի գյուղմթերքի շուկայում, որը առավել հայտնի է «Մեյմանդարի շուկա» այս օրերին օտար պետհամարանիշներ ունեցող «ֆուռերով» ձմերուկ է վաճառվում։
Ավելին, այս օրերին ձմերուկի գինը կտրուկ նվազել է: Եթե մի քանի օր առաջ գյուղացին այդ շուկայում ձմերուկը կարողանում էր վաճառել 150-180 դրամ, ապա այսօր արդեն 80-110 դրամ է։ Այսօր նույնիսկ նրանք 80 դրամով շատ դժվար են կարողացել իրացնել ձմերուկը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Մեյմանդարի շուկայում» ձմերուկ վաճառող գյուղացիները դժգոհում էին, որ չեն կարողանում իրացնել բերքը։ Նրանք պնդում են, որ Վրաստանի միջով ադրբեջանական ձմերուկ է ներկրվում Հայաստան։
«Դրսից ներկրված ձմերուկը մեզ մեծ վնաս է հասցրել։ Էդ պատճառով մենք չենք կարում վաճառել մեր բերքը։ Բացի էդ, ուժեղ շոգն էր վնասել ձմերուկը, բերքը կրկնակի քիչ էր, իսկ դրա համար մենք մեծ-մեծ վարկերի տակ ենք ընգել», - մեր թղղթակցի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։
Ձմերուկի ներկրման մասին Aysor.am-ը հարցում է արել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե։