13/08/2018 17:17
Ռոբերտ Քոչարյանը, առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության. Փաստաբան (Տեսանյութ)
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը չի կարող ասել, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո ինչպես կընթանա նախաքննությունը։
Հարցին, թե երկրորդ նախագահի ազատ արձակվելուց հետո ինչպե՞ս է ընթանալու նախաքննությունը, Սահակյանը պատասխանեց. «Այդ հարցը տվեք նախաքննությունն իրականացնող մարմնին»։
Նախաքննությունը մարտի 1-ի գործով իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը, որը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008-ին Հայաստանի սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց հաշվի առնելով, որ նա օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։
«Եթե անձեռնմխելիության հարցը այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնար», - նկատեց Սահակյանը։
Փաստաբանը հնարավոր համարեց, որ քրեական գործը կարճվի, բայց մինչ այդ փաստաբանը կարծում է, որ վերաքննիչ դատարանի այս որոշումը ՀՔԾ-ն կբողոքարկի։
«Մեր հետագա քայլերը լինելու են սպասել ՀՔԾ-ի գործողություններին և գործել ըստ այդմ», - ասաց Սահակյանը։
Հարցին, թե Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, որը որոշել էր կալանավորել Քոչարյանին, չգիտե՞ր որ անձեռնմխելի է, փաստաբանը պատասխանեց. «Գիտեք, այստեղ գալուց առաջ մի փոքր թեստ պատրաստեցի։ Հարց բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե հանրապետության նախագահը իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո կարող է հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Հիմա հարցը՝ եթե կարող է ենթարկվել, ապա իր լիազորությունների ժամկետում, իր կարգավիճակից բխող գործողությունների համար հետապնդելու և պատասխանատվության ենթարկելու համար չպե՞տք է արդյոք գործեր համապատասխան ընթացակարգ, ինչպիսին օրինակ, սահմանված է Սահմանադրության 96 և 133 հոդվածներով պատգամավորի և Մարդու իրավունքների պաշտպանի համար։
Չէ՞ որ նրանց համար սահմանված է այդ ընթացակարգը, եթե նրանց փորձում են ենթարկել քրեական պատասխանատվության, ապա պետք է Ազգային ժողովը տա իր համաձայնությունը։ Հանրապետության նախագահի համար պաշտոնավարման ժամկետում նման կարգ Սահմանադրությունը չի սահմանել։ Ինչո՞ւ, որովհետև չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։
Ինչ վերաբերում է պաշտոնավարումից հետո պատասխանատվության ենթարկելուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև չի կարող ենթարկվել։ Առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության»։
Լրագրողը փորձեց հստակեցնել, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ազատվում է այս մեղադրանքից, Սահակյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ Քոչարյանը մեղադրյալ է, իսկ մանրամասներ կարող է հայտնել ՀՔԾ-ն։
Քրեական գործին վերաբերող այլ մանրամասների մասին Սահակյանը չխոսեց՝ պատճառաբանելով, որ գործը հսկող քննիչն է իրեն արգելել խոսել։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում անցնում է որպես մեղադրյալ և մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։