13/08/2018 12:53
Վաղուց կանխատեսելի որոշում էր. Տիգրան Աթանեսյանն՝ իր արտոնագիրը դադարեցնելու մասին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր արձագանքել է Փաստաբանների պալատի՝ իր արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշմանը և իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ ձեր աջակցության խոսքերի համար: Իմ համար պալատի այդ որոշումը վաղուց էր կանխատեսելի, դրա մասին խոսել եմ դեռ 2017 թվականի փետրվարին՝ խորհրդի ուղղորդված, նույնն է՝ կեղծված ընտրություններից հետո: Նման որոշումը վկայում է, որ իմ և իմ ընկերների քննադատությունը, որը հնչեցվել և հնչեցվում է պալատի հասցեին ճշմարտացի և խորը ցավ է պատճառում այդտեղ ծվարած կերպարներին:
Դրանք որևէ աղերս չունեն փաստաբանի մասնագիտության հետ, սովորական ձեռներեցներ են, որոնց թվում է, թե ինտրիգներով և նենգությամբ կարելի է թե կյանք ապրել, թե վաստակ ունենալ: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և փրկելու ենք մեր մասնագիտությունը տարբեր տեսակի արկածախնդիրներից, շահամոլներից, էժան շոումեններից և փաստաբանության հետ կապ ունենալու իրավունք չունեցող այլ խաժամուժից: Հավատում եմ, որ ողջախոհությունը հաղթելու է թե մեր մասնագիտության առումով, թե երկրում առհասարակ: Հետագա քայլերի մասին ավելի ուշ»:
Նշենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը' օրերս որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին:
ՓՊ լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Տիգրան Աթանեսյանի թիվ 78 արտոնագրի գործողությունը:
Աղբյուրը հիշեցրել էր, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ կատարելու, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով: