13/08/2018 13:07
Ցավում եմ՝ Արա Զորաբյանը չկարողացավ վեր կանգնել անձնական շահերից. Փաստաբանները՝ արտոնագիրը կասեցնելու որոշման մասին
Փաստաբանների պալատը օրերս որոշել է կասեցնել փաստաբաններ Նիկոլայ Բաղասադրյանի և Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը, քանի որ նրանք հանրային ծառայողներ են. Առաջինը ՀՀ վարչապետի խորհրդականն է, իսկ Հակոբյանը՝ Մասիսի փոխքաղաքապետը։
«ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար: Նկատի ունենալով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայության անցած անձ, իսկ հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի և Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտոնները համարվում են հանրային պաշտոններ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նորայր Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը ենթակա է կասեցման», -տեղեկացրել էին Փաստաբանների պալատից:
ՓՊ որոշմանն արձագանքել են և Հակոբյանը, և Բաղդասարյանը։ Վերջինն այն համարում է անօրինական։
Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՓՊ որոշումը պարտադիր բողոքարկելու է։ «Ուզում եմ անկեղծ լինել, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներից ավելին չեմ էլ սպասել, պարտադիր այս որոշումը կբողոքարկեմ դատարան։ Ցավում եմ, որ Արա Զորաբյանը չկարողացավ վեր կանգնել անձնական իր շահերից։ Իսկ հիմնավորումները պարտադիր կհրապարակեմ, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ ՀՀ փաստաբանների պալատի որոշումն անօրինական է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղդասարյանը։
ՓՊ որոշմանը դարձյալ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Նորայր Հակոբյանը՝ հիշեցնելով, որ երբ նշանակվել էր Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնում, ՓՊ նախագահը շնորհվորել է իրեն, իսկ արտոնագրի կասեցման մասին այն ժամանակ խոսք չի եղել։
«Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ կասեցվել է փաստաբանական գործունեության արտոնագիրս։
Պարզվում է՝ այդ պալատում նոր են իմացել, որ ես Մասիսի փոխքաղաքապետն եմ... այն դեպքում, երբ իմ պետական, ապա հանրային ծառայող լինելու հանգամանքը մշտապես ներկայացրել եմ պալատում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը լրացնելիս, ինչպես նաև ֆբ ում։ Դա դեռ մի կողմ, ամենազվարճալին այս պատմության մեջ ժամանակին Մասիսի փոխքաղաքապետ ընտրվելու կապակցությամբ Արա Զոհրաբյանի ու Սիմոն Բաբայանի գրկախառնություններով համեմված բանավոր ու գրավոր շնորհավորանքները վերհիշելն է ու էլի շատ բաներ. Այ այսպիսի հետաքրքիր բաներ, հարգելի հպարտ քաղաքացիներ...», - գրել է Նորայր Հակոբյանը:
Ի դեպ Մասիսի փոխքաղաքապետը իր արտոնագրի գործունեությունը կասեցնելը իրավաչափ է համարում։ Նորայր Հակոբյանը Aysor.am-ին ասաց, որ չի բողոքարկելու ՓՊ որոշումը։
«Չեմ բողոքարկելու, քանի որ ես երբևէ փաստաբանիս արտոնագիրը չեմ օգտագործել, միշտ եղել եմ պետական կամ հանրային ծառայող և լիազորագրով եմ հանդես եկել: Այս ամենի մեջ զարմանալին այն է, որ բոլորը տեղյակ են եղել, որ աշխատում եմ Կրթության, գիտության նախարարությունում, հետո փոխքաղաքապետ, շնորհավորել են ամեն բան նորմալ է եղել ու հանկարծ որոշեցին այս ժամանակահատվածում կասեցնել», - նշեց Հակոբյանը։