14/08/2018 12:02
Նախիջևանում ադրբեջանական կողմի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և ամեն ձև կանխվելու են. ՀՀ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Նախիջևանի իրադրությունում Հայաստանի Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից վերադիրքավորումներին, այդ հարցի առնչությամբ մենք հանրային և այլ խողովակներով հայտնել ենք ադրբեջանական կողմին, որ նման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն ձև կանխվելու են», - ասաց Աննա Նաղդալյանը:
Նախօրեին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին պատասխանել են կրակով:
«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով: Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: