15/08/2018 13:26
Քաղաքացին առողջապահության նախարարությունից դժգոհ է եղել և պատրաստվել է ռումբ տեղադրել կառավարական շենքում. Մանրամասներ (Տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունից մանրամասնում են, որ այսօր կառավարական թիվ 3 մասնաշենքում ռումբ տեղադրելու մասին ահազանգը ներկայացրել է մի քաղաքացի, որը դժգոհ է եղել առողջապահության նախարարությունից։
ԱԻՆ լրատվական ծառայությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ քաղաքացին ունի օնկոլոգիական խնդիրներ, խնդրին լուծում չի գտել և ահազանգել է, որ մտադիր է առողջապահության նախարարության շենքում ռումբ տեղադրել։
Ահազանգից հետո կառավարական թիվ 3 մասնաշենքից, որտեղ տեղակայված է նաև առողջապահության նախարարությունը, աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները ուսումնասիրություններ են անցկացրել և կարճ ժամանակ անց տարհանված քաղաքացիները վերադարձել են աշխատավայրեր։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ պարզվել է ահազանգած քաղաքացու ինքնությունը, որին պատրաստվում են ներկայացնել ոստիկանության բաժին։