15/08/2018 11:03
Պուտինը մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և տարածաշրջանի կարևոր խնդիրները քննարկելու համար», - գրում է գործակալությունը՝ մեջբերելով Ճապոնիայի գաղութացումից Կորեայի ազատագրման 73-ամյակի առիթով Պուտինի՝ Կիմ Չեն Ընին ուղարկված հեռագիրը։
Հեռագրում նաև ասվում է, որ «երկու երկրների միջև հարաբերություններն ունեն բարեկամական և կառուցողական բնույթ»։
Իր հերթին, ԿԺԴՀ-ի առաջնորդը հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին, որում ասվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնական ռազմատենչության դեմ համատեղ պայքարն «ամուր հիմք է» երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների համար և նպաստում է դրանց հետագա զարգացմանը։