15/08/2018 16:30
Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին
Իտալիայի Լիգուրիայի մարզի ղեկավար Ջովանի Տոտին նախազգուշացրել է, որ Ջենովայում կամրջի մի մասի փլվելու հետևանքով մահացածների թիվը կարող է զգալի աճել, հայտնում է «Интерфакс»-ը:
«Մենք շարունակում ենք որոնողա-փրկարարական աշխատանքները կամրջի տակ: Մենք դեռևս չենք հասել բոլոր գոտիներին: Աշխատում ենք գտնել բազմաթիվ անհայտ կորածների», - ասել Է Տոտին իտալական հեռուստատեսության եթերում:
Նրա տեղեկատվությամբ, «տուժածների մեծամասնությունը, ինչպես հայտնում են բժիշկները, ապաքինվելու լավ շանսեր ունեն»:
Վերջին տվյալների համաձայն, Ջենովայում կամրջի 200-մետրանոց հատվածի փլվելու հետևանքով մահացել է առնվազն 38 մարդ: Նրանց թվում կան երեխաներ: Նրանցից մեկն ութ տարեկան է, մյուս երկուսը՝ 12 և 13 տարեկան: Նաև նշվում է, որ մահացածների երեքը ֆրանսիացիներ են:
Ներկայում տուժածների թիվը հասնում է 16-ի: Նրանցից 12-ը ծանր վիճակում են:
Կամրջի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Շուրջ 440 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, քանի որ կամրջի կոնստրուկցիաներն ընկել են դրանց վրա: