Մշակութային քաղաքականության ձևավորման մեջ մշակութային գործիչները պետք է նվազագույնս ընդգրկված լինեն. Արա Խզմալյանը՝ մշակութային խնդիրների, բացթողումների ու դրանց շտկման մասին

16/08/2018 19:03

Մշակութային քաղաքականության ձևավորման մեջ մշակութային գործիչները պետք է նվազագույնս ընդգրկված լինեն. Արա Խզմալյանը՝ մշակութային խնդիրների, բացթողումների ու դրանց շտկման մասին


Բոլոր ժամանակներում մշակույթը մնում է այն մանրադիտակը, որն ի ցույց է դնում տվյալ պետության դիմանկարը ո՛չ միայն արվեստի, այլև՝ քաղաքականության ու կրթության ոլորտներում: Զուր չէ, որ ցանկացած պետության ու ազգի ճանաչվածության հարցում մշտապես գլխավոր դեր են խաղացել նրա՝ արդեն իսկ հանրաճանաչության հասած արվեստագետները: Հատկանշական է, որ համաշխարհային սեր ու ճանաչում վայելող հայերի զգալի մասը արվեստագետներ, զինվորականներ ու գիտնականներ են՝ յուրաքանչյուրն իր ոլորտում առաջատար, երբեմն՝ անփոխարինելի:

Aysor.am-ը մերօրյա մշակութային քրոնիկայի, ոլորտում տեղ գտած ծայրահեղ դրսևորումների, բացթողումների ու թերությունների մասին զրուցել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն, արվեստագետ Արա Խզմալյանի հետ:

- Պարոն Խզմալյան, քանի որ այսօր դուք ներկայացնում եք նաև տուրիզմի ոլորտը, չեմ ցանկանա շրջանցել այն ու մեր հարցազրույցը հենց այդտեղից էլ կսկսեմ. ներկայումս տուրիզմի ոլորտն ի՞նչ  վիճակում է:

- Ինչքան էլ մենք մեր երկրի ներսում խոսենք առկա տուրիստական խնդիրների մասին, փաստ է, որ Հայաստանը գերադասող տուրիստների թիվը տարեցտարի աճում է: Մեր երկիրը դառնում է նոր ուղղություն, նոր շուկաների հնարավորությունը շատ մեծ է: Տարբեր երկրներ, մարդիկ փնտրում են զբոսաշրջային նոր ուղղություններ, ու Հայաստանը այդ փնտրվող երկրների շարքում է: Սա ոչ թե բարձրագոչ հայտարարություն է, այլ՝ եռամսյակային վիճակագրություն:

- Որո՞նք են այն նպաստող պայմանները, որ ավելացրել են զբոսաշրջիկների՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը:

- Զբոսաշրջիկների քանակի ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ, դեռևս անցած տարվանից իրականացվող պետական քաղաքականությամբ, նաև՝ ճիշտ մարկետինգի շնորհիվ: Մարկետինգային միջոցառումներն իրականացվում են նաև հիմնադրամի կողմից, որովհետև հիմնադրամն այն պաշտոնական կառույցն է, որն իրականացնում է երկրի մարկետինգային քաղաքականությունը: Չափազանց ուրախալի է նաև մասնավոր հատվածի ակտիվությունն ու նախաձեռնողականությունը՝ կատարելագործվելու և նոր զբոսաշրջային արդյունք ստեղծելու: Մեր խնդիրն է այս մոտեցումը խրախուսելն ու ամրապնդելը:

- Վերջին ամիսներին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները ի՞նչ ազդեցություն են թողել ոլորտի վրա:

-  Ըստ մի շարք աղբյուրների՝ մեր երկրի վարկանիշը բարձրացավ այն հանգամանքից, որ առանց որևէ լուրջ բախման, առանց արյունահեղության տեղի ունեցավ իշխանափոխություն: Մենք էլ տարբեր առիթների ժամանակ՝ ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ, շեշտում ենք, որ զբոսաշրջիկը գալիս է մի երկիր, որտեղ քաղաքական հեղաբեկումներն անգամ տեղի են ունենում առանց արյան և բռնության: Սա շատ կարևոր մեսիջ է, որը ուզում ենք տեղ հասցնել՝ մեր երկիրը դիրքավորելու որպես անվտանգ, օտար մարդու համար ապահով երկիր, որտեղ մարդկանց սիրտը բաց է, սեղանն՝ առատ: Հյուրընկալությունը մեզ համար ազգային խառնվածքի կարևորագույն բաղադրիչ է, հյուրին վիրավորելը, չգոհացնելը, առավելևս՝ մերժելը, մեր պարագայում մեղքի պես մի բան է (ժպտում է՝ հեղ.): Հյուրամեծարությունը ամենամեծ կապիտալն է, որ մենք այսօր ունենք ներկայացնելու աշխարհին: Աշխարհի տարբեր ծագերում մարդիկ այսօր խնդիր ունեն ջերմ վերաբերմունքի, մարդկային շփման, պարզ խոսքի ու անկեղծության: Աշխարհը խելագարվում է մարդկային կոմունիկացիայի բացակայությունից, բարեբախտաբար, մեր երկիրը լրացնում է այդ մեծ պակասը:

- Մեր ձգտումը դեպի եվրոպականացում այս ջերմ էմոցիաները պաղ չի՞ դարձնում:

- Ես շատ արհեստական եմ համարում բոլոր այն խոսքերը, թե մենք ձգտում ենք դեպի Եվրոպա: Ովքեր քիչ թե շատ գիտեն հայոց միջնադարը, ապա տեղյակ են, որ մեր ամբողջ մշակութային քաղաքականությունը եվրոպական կողմնորոշում ունի: 5-6-րդ դարերում բազմաթիվ երկրներ դեռ ձևավորված չէին, երբ հայը թարգմանում էր Արիստոտել, Պլատոն և այլն: Մեր ամբողջ լեզուն ձևավորվել է հունական փիլիսոփայությամբ, թարգմանությամբ: Մենք եվրոպական քաղաքակրթության հենց ակունքներում ենք, ինչպե՞ս կարող ենք նոր որոշել՝ եվրոպացի՞ ենք, թե՞ ոչ: Շատ հետ չգնամ՝ մեր ունեցած ամենամեծ արժեքները՝ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Շառլ Ազնավուր, շատ ուղենիշային են մեզ համար: Այս մարդիկ, ունենալով ամուր, խորքը գնացող ազգային արմատ, միևնույն ժամանակ ամբողջապես եվրոպական համակարգի մեջ են… Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտարարեց, որ Եվրոպան մեզ համար ո՛չ թե արտաքին քաղաքականության, այլ՝ ներքին արժեհամակարգի խնդիր է: Առաջին անգամ լսեցի այդպիսի ամուր, համարձակ ու անկեղծ պատասխան: Սա շատ կարևոր հայտարարություն էր: Չգիտես ինչո՞ւ, երբ ասում ենք Եվրոպա, հասկանում ենք մեր կողմից մերժելի բոլոր անբարոյական ու վատ դրսևորումները, որոնք այսօր այնտեղ կան: Բայց որպես հասարակություն՝ մենք կարող ենք դիրքորոշում հայտնել չէ՞՝ ինչն ենք ընդունում Եվրոպայից, ի՞նչը՝ ոչ: Ես հավատում եմ մեր ազգի ճիշտ կողմնորոշվելու ունակությանը: Զգոն և զգույշ լինելով հանդերձ՝ պետք է որոշենք՝ Եվրոպան մեզ համար ո՞ր արժեհամակարգն է: Անձամբ ես Եվրոպա ասելով հասկանում եմ մշակույթ, մարդասիրություն, հանդուրժողականություն, մտքի, փիլիսոփայության, արվեստի իրականություն:

 

- Ձեր թույլտվությամբ արդեն անցնենք թատերական թատերական ոլորտին. վերջին շրջանում կարծեք թե որոշակի աշխուժություն է նկատվում, թատրոնները սկսել են ավելի շատ ներկայացումներ բեմադրել, հանդիսատեսին գրավելու միջոցներ են փնտրում: Որպես թատերագետ՝ նման միտում նկատե՞լ եք:

- Անկեղծ ասած՝ իմ տպավորությամբ գնալով ավելի ու ավելի է խորանում թատերական ճգնաժամը: Արդեն 10 տարի ես խոսում եմ մասնագիտական գրագիտության, բացերի ու թերությունների մասին: Իմ՝ տարիներ շարունակ այս արատների մասին խոսելը բացարձակ անարձագանք է մնացել: Ո՛չ միայն թատրոնն, այլ, առասարակ, մշակույթի կազմակերպման ու կառավարման համակարգը արմատապես վերանայման կարիք ունի: Այն մեխանիզմը, որն այսօր կա, որը ժառանգել ենք նախորդներից, մշակույթը դեպի փակուղի, կործանում տանող վտանգավոր համակարգ է: Մշակութային հստակ քաղաքականություն է պետք ձևավորել՝ ի՞նչ ենք հասկանում մշակույթ ասելով, ներսում և դրսում ի՞նչ կարող է անել մշակույթը երկրի համար: Հիշո՞ւմ եք հեղափոխության օրերին ապագա վարչապետին Ազգային ժողովում ժամեր շարունակ ուղղված հարցերը. տարբեր բնագավառների մասին շուրջ 5 ժամ տևողությամբ հարց ու պատասխանի ընթացքում գեթ մեկ հարց չհնչեց, որը մշակույթն էր շոշափում: Այս ոլորտը տարիներ շարունակ դուրս է մնացել լուրջ քաղաքական քննարկումներից, առհասարակ չի ընկալվել որպես լուրջ ոլորտ: Դրան նպաստել են և՛ մարդիկ, ովքեր ղեկավարել են մշակույթը, և՛ հենց բուն մշակութային գործիչներն՝ իրենց ողորմելի կեցվածքով, քյասիբ մտքով, ծեծված դատողություններով ու իշխանահաճո, քստմնելի պահվածքով: Հենց մշակութային գործիչներն են տարիներ շարունակ վարկաբեկել մշակույթի ոլորտը:

- Նիկոլ Փաշինյանը երկու հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ, որոնցից մեկին ներկա էիք նաև Դուք: Արվեստագետների կողմից տրված հարցերը, հիմնականում, կա՛մ նրան ուղղված գովասանքի խոսքեր էին, կա՛մ՝ անձնական խնդիրների բարձրաձայնում: Նման հանդիպումները կարո՞ղ են պտղաբեր լինել, գո՞հ էիք հնչեցված հարցերից:

- Առաջինը փոքր խմբով մենք հանդիպեցինք պարոն Փաշինյանի հետ: Անձամբ բարձրաձայնել եմ իմ մտահոգությունները՝ կապված մշակույթում առկա խնդիրների հետ: Երկրորդ հանդիպմանը երկրից բացակայելու պատճառով չեմ կարողացել գնալ, թեև հրավիրված էի: Սակայն, երբ կողքից տեղեկանում եմ, թե ի՞նչ հարցեր են տվել, իհարկե՝ խայտառակություն է: Հերթական անգամ ապացուցվում է, որ այդ մակարդակով մշակութային իրականությանը չի՛ կարելի լուրջ վերաբերվել: Այդ իսկ պատճառով մի քանի անգամ հանդիպել ենք տիկին Մակունցի հետ, որոնց ժամանակ հստակ ասել եմ, որ մշակութային քաղաքականության ձևավորման մեջ մշակութային գործիչները պետք է նվազագույնս ընդգրկված լինեն: Այդ քաղաքականության ձևավորումը մշակութային գործչի խելքի բանը չէ: Մշակույթն ու մշակութային քաղաքականությունը տարբեր բաներ են: Ցավոք սրտի, քանի որ ինտելեկտուալ հատվածն ընդգրկված չէ մշակույթի կարգավորման մեջ, ստեղծագործողին թվում է, որ ինքը պետք է որոշի իր քաղաքականությունը: Բայց չէ՞ որ նա չունի դրա կարողությունները, մտավոր ունակությունները և մասնագիտական պատրաստվածությունը: Մենք հստակ պետք է տարանջատենք գործառույթները. մշակույթի գործիչը թող զբաղվի իր բուն գործով, իսկ ոլորտի կարգավորման խնդիրներով թող զբաղվի առանձին մի մարմին՝ կազմված հոգեբանից, սոցիոլոգից, միջազգայնագետից, դիվանագետից… Միայն այդ դեպքում է հնարավոր հասկանալ, որ մշակույթը արտաքին պաշտպանական բլոկ է Հայաստանի Հանրապետության համար: Մեր արվեստագետներից յուրաքանչյուրը անձնական շահով է առաջ մղվում. Մեկն ասում է՝ եթե նախարարությունը չի աջակցում իմ համերգին, ուրեմն այլևս բանի պետք չէ, մյուսը ներկայացում է ուզում բեմադրել ու վստահ է, որ իր ներկայացումն այնքան լավն է, որ պետք է պետական աջակցություն ստանա: Իհարկե, նորմալ է, որ արվեստագետը մտածում է, թե ինքը բացառիկ է, հակառակ դեպքում չի կարող ստեղծագործել, ու հենց դա համար եմ ասում՝ ստրատեգիական հարցերում պետք է ավելի զգոն լինել: Իմ մտահոգությունները լիովին կիսում է նաև Լիլիթ Մակունցը, սակայն դեռևս չեմ բացահայտի այն ծրագիրը, որը մտադիր ենք կյանքի կոչել: Փակուղի ենք ժառանգել, վերջնական ու ամենահզոր սխալներն արվեցին նախորդ նախարարի օրոք, երբ փիառը և հանրային կարծիք ձևավորելը դարձել էին ավելի կարևոր, քան՝ բուն գործը:

- Բայց հենց նույն նախկին նախարարի օրոք տարբեր մարզերում մշակութային տարբեր իրողություններ չէի՞ն լինում՝ նոր թանգարանների նախագծեր, նոր ներկայացումներ…

- Խոսել Սևանի հատակում Սոցռեալիզմին առննչվող թանգարան բացելու մասին՝  նշանակում է՝ բացարձակ չենք ընկալում արտաքին մարտահրավերները, չենք գիտակցում, թե այսօր ի՞նչ լուրջ խնդիրներ կան ծառացած մեր առջև: Նախկին նախարարը, չլուծած օպերային արվեստի լրջագույն խնդիրները, խոսում էր Օպերայում ռեստորան բացելու մասին: Իհարկե, ես դեմ չեմ ռեստորանին, դա էլ պետք է լինի՝ ինչպես աշխարհի մեծագույն կոթողներում, բայց պետք է երկրորդայինը տարանջատենք առաջնայինից: Պատկերացրեք, եթե Ֆրանսիայի Գրանդ օպերայից հանենք արվեստն ու թողնենք միայն ենթակառուցվածքները: Այն միանգամայն կկորցնի իր իմաստը: Այդ մեկ ու կես տարվա ընթացքում ոլորտի սիրողականությունը, դիլետանտիզմը հասավ այնպիսի մի կետի, որ ես սեփական նախաձեռնությամբ բացարձակ անմասնակից մնացի մշակութային իրականությանը:

- Հիմա մշակույթը ճիշտ հունի մեջ գցելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Այո, այժմ տրված է եզակի պատմական հնարավորություն՝ վերանայելու ամբողջ համակարգը, հասկանալու արտաքին մարտահրավերները, գնահատելու մեր ներքին ռեսուրսը: Պետք է ոլորտին տրամադրվող պետական բյուջեն ճիշտ բաշխվի, հասկանանք՝ մշակույթի ո՞ր մասին ինչքա՞ն ենք հատկացնում, բյուջեի մի մասն ինչքանո՞վ է ծառայում որպես սոցիալական աջակցություն: Դուք ինձանից լավ գիտեք, որ այսօր մենք բազմաթիվ մշակութային հաստատություններ ունենք՝ թատրոն, համերգասրահ, որոնք ո՛չ ներսում, ո՛չ դրսում որևէ արդունք չեն տալիս,  բայց մյուս կառույցների հետ հավասար ֆինանսավորում են ստանում: Նախկին նախարարին հրապարակավ դիմել եմ՝ մինչև կապիտալիզացիայի մասին խոսելը եկեք որոշենք պետական միջոցների խելամիտ օգտագործման մեխանիզմներ՝ ինչքա՞նն ենք տալիս համայնքներին՝ որպես սոցիալական աջակցություն, ինչպե՞ս ենք ֆինանսավորում մայրաքաղաքի մշակութային հաստատությունները, ինչպե՞ս՝ համայնքներինը: Չէ՞ որ մայրաքաղաքի բիզնես-միջավայրը մի բան է, համայնքինը՝ բոլորովին այլ: ԱՄՆ-ում մշակութային հաստատություններին աջակցելը գործարարների համար պատվաբեր է, մրցակցության համար բաենպաստ մթնոլորտ կա: Աշխարհում այս մոդելը վաղուց կա, պետք է դա գիտակցել ու ընդունել: Երկրում այսօր կա սպասում, հասարակական լավատեսություն, որևէ բան ձեռքբերելու, նվաճելու պատրաստակամություն, և այս ալիքը պետք է օգտագործել պետական ինստիտուտները բարեկարգելու նպատակով: Նկատե՞լ եք, երբ ասում ենք՝ երեխաները պետք է մշակույթին անմաս չլինեն, հասկանում ենք աշակերտներին թատրոն կամ համերգ տանելը: Իսկ ինչո՞ւ չենք ուզում դպրոցի դռները բացել անվանի արվեստագետների, գրողների, հրապարակախոսների առջև: Մշակութային քաղաքականության խնդիրը միայն Մշակույթի նախարարության խնդիրը չէ, սա միջգերատեսչական խնդիր է: Պատահական չի, որ Գերմանիայում մշակույթի մի ահռելի հատված՝ ահռելի բյուջեով, տրված է Արտաքին գործերի նախարարությանը: Մենք մշակույթի սլաքը պիտի փոխենք, տեղային, գյուղական, համայնքային սպառումից վերածենք արտաքին քաղաքականության խնդրի:

- Պարոն Խզմալյան, որքանո՞վ եք ճիշտ գտնում այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարությունը ի պաշտոնե չի միջամտում թատրոնների գեղարվեստական ղեկավարների նշանակման հարցին, արդյոք դա չի կարող ներքին խժդժության առիթ դառնալ:

- Անձամբ ես կողմնակից եմ այն համակարգին, որ գեղարվեստական ղեկավարներին նախարարը չնշանակի: Այս խժդժություններն ու անհամաձայնությունները պետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ չունենք մեր մշակույթի ռազմավարական պլանավորումը: Որ թատրոնին ենք նշանակում, որին՝ չէ, որի ներկայացումն ենք ֆինանսավորում, որինը՝ չէ, ու նմանատիպ բոլոր խնդիրներն առկա են լինելու, քանի դեռ չունենք այն փաստաթուղթը, որում ամրագրված է երկրի մշակութային քաղաքականությունը: Առանց այդ փաստաթղթի ցանկացած որոշում կամայական է համարվելու…

- Կարելի է ասել՝ թատերական կյանքը կենտրոնացած է միայն մեկ-երկու խոշոր քաղաքներում, մայրաքաղաքից բացի լսում ենք Գյումրու և Վանաձորի թատրոնների ակտիվ գործունեության մասին, որոշակի ակտիվություն երբեմն Գորիսի թատրոնն է ցուցաբերում: Այնինչ, շատ մարզկենտրոններ նույնիսկ թատրոնի շենքեր չունեն: Այս բացը լրացնելու կարիք չկա՞, ինչպե՞ս պետք է մարզի բնակիչը հաղորդակից լինի թատերական մշակույթին:

- Իսկապես, բավական լուրջ խնդիր է: Ավելացնեմ, որ թատրոն կա Գավառում, փոքրիկ մի թատրոն կա Հրազդանում, որի պայմանները, մեղմ ասած, վատթար են, Աբովյանի թատրոնը, որը փորձում էին ատամներով պահել, փակվեց… Գիտեք, դա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ, պետական միջոցների հնարավորության, ապա նաև՝ տնտեսության, բիզնեսի ու մշակույթի աջակցության քաղաքականության բացակայության խնդիր կա: Տեղական ինքնակառավարման մարմինների և կենտրոնական կառավարության համագործակցության խնդիր կա: Բացի այդ, ինչ էլ ասելու լինենք, թատրոնը մնում է քաղաքային արվեստ: Որտեղ կա քաղաքային կենցաղ, իրականություն, այնտեղ կա թատրոն: Օրինակ, Իջևանում, երբ մարդիկ կռիվ են տալիս հանապազօրյա հացի համար, ապրում են ծայրահեղ չքավորության մեջ, դժվար թե որևէ մեկի մտքով անցնի՝ ժամանակը ներկայացումներ նայելով անցկացնել: Իմ համոզմամբ, գոնե փոքր համայնքներում ոչ թե պետք է թատրոնի շենքեր լինեն, այլ՝ մշակույթի տներ, որտեղ կարող են և՛ ներկայացում խաղալ, և՛ ֆիլմերի ցուցադրություններ ու համերգներ կազմակերպել: Կրթական, մշակութային մի կառույց պետք է լինի դա: Նաև կադրերի մասնագիտացման, պրոֆեսիոնալիզացման խնդիր ունենք, պետք է մասնագետներն այնքան պրոֆեսիոնալ լինեն, որ կարողանան նախ ճիշտ ազդակներ ուղարկել Մշակույթի նախարարությանը՝ ի՞նչ ծրագրեր են պետք իրականացնել, և կարողանան գրագետ օգտագործել այն միջոցները, որոնք տրամադրում է պետությունը համայնքներին: 10 տարուց ավելի բարձրաձայնում եմ, որ ծանոթ-բարեկամներ են տեղավորված ՏԻՄ մշակութային բաժիններում: Մասնագետներ չկան, սիրողական միջավայրում միլիոններ էլ դնես, չի աշխատի, էլ չասեմ, որ մասնավորը նման տեղերում միլիոն չի էլ դնի:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում շատ թատրոններ «անունը՝ կա, ամանումը՝ չկա» կարգավիճակում են, պետական գերատեսչության կողմից թատրոնների ֆինանսավորումը արդարացվա՞ծ է:

- Նախ, պետք է որոշակիորեն բեռնաթափել մշակույթի սոցիալական բեռը: Եթե ստացած գումարի դիմաց արդյունք չեն ցուցաբերում, ապա պետք է արձանագրենք, որ սուբսիդիաներն այսօր ո’չ թե պրոֆեսիոնալ համայնքի վարձատրություն են, այլ՝ նպաստներ: Ոչ արդյունք կա, ոչ էլ պահանջ, պահանջ չի էլ եղել: Նախկինում խուսափում էին սոցիալական դժգոհության մեծացումից: Եթե երկրում տասնյակ, հարյուրավոր մարդիկ անաշխատանք մնային, մարդկանց սոցիալական դժգոհությունը կմեծանար: Այժմ զուգահեռ մշակելով սոցիալական երաշխիքներ՝ միևնույն ժամանակ պետք է մշակույթի վրայից բեռնաթափել սոցիալական աջակցության խնդիրը: Այլապես, մենք տասնյակ մշակութային կառույցների տալիս ենք հարյուրավոր միլիոններ, բայց չենք կարողանում աջակցել այն ծրագրերին, ինչը կարող է ռեալ հեղինակություն բերել երկրին: «Հովեր»-ի պես երգչախումբն այսօր կանգնած է փակուղու առջև՝ լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով: Ունենք քիչ թե շատ հաջող ներկայացումներ, որոնք միջազգային փառատոններում ներկայացնելու խնդիրներ ենք ունենում: Լավ կատարող երաժիշտներ ունենք, որոնց չենք կարողանում միջազգային մրցույթների մասնակից դարձնել: Հենց դրա համար եմ ասում՝ մինչև մենք վերջնականորեն չորոշենք մեր առաջնահերթությունները, ո՛չ արժանավորներն են գոհ լինելու, ո՛չ էլ անարժանները: Սա նույնն է, թե չենք անջատում սնուցող համակարգը (սիստեմա՝ հեղ.) արդեն վաղուց մեռած մարմնից, շարունակում ենք սնուցել «դիակը»:  Ի վերջո, որևէ կառավարություն պետք է այդ քայլին գնա, բեկումնային այս շրջանում պետք է արմատապես այս հարցերը լուծվեն: Մշակութային քաղաքականություն նշանակում է կանխամտածված, գիտակցված գործունեություն, որն իրականացվում է մտավոր, նյութական, ֆիզիկական ռեսուրսներն օպտիմալ  ձևով օգտագործելով: Թե չէ մենք պետական բյուջեն լցնում ենք մի ցանցի մեջ, այն այդ ցանցի անցքերից մաղվում գնում է, թասն էլ մնում է դատարկ: Մանր-մունր, «խուրդա» ծրագրերի վրա վատնում ենք պետական միջոցները այն դեպքում, երբ գլոբալ խնդիրներ ունենք ու սահմանափակ միջոցներ: Մեր ազգը բավականին մեծ մարտահրավերներ ունի իր առջև, և մշակույթը ոչ թե կարող է նպաստել այդ մարտահրավերները մեղմելուն, այլ առհասարակ կարող է նպաստել երկրի տնտեսական, քաղաքական կլիմայի փոփոխությանը: Դրա փորձը կա աշխարհում, բազմաթիվ երկրներ (Գերմանիա, Նորվեգիա…» իրենց մշակութային, կրթական քաղաքականության շնորհիվ հայտնվել են առաջնակարգ դիրքերում:

- Սակայն շատերը գտնում են, որ երբ երկիրն իր առջև ունի բազմաթիվ քաղաքական, տնտեսական մարտահրավերներ, մշակույթը կարելի է ինչ-որ չափով աչքաթող անել…

- Պետք է ներողություն խնդրեմ ու ասեմ, որ դա կատարյալ հիմար մտածելակերպ է: Նրանք, ովքեր այդպես են խոսում, չեն հասկանում, թե ինչ աշխարհում են այսօր ապրում, որ մշակույթն այն նույն զենքն է, որը դու ունես առաջնագծում և կարող է երկիրդ պաշտպանելու համար դառնալ այն զենքը, որն ունես սահմաններիցդ դուրս… Այո, մակերեսային ընկալում կա, մշակույթն այսօր ցուցքի է վերածված՝ տնազի, կապիկության, անհաջող ներկայացումների ու անտաղանդ համերգների: Ոլորտի պրոֆեսիոնալ համայնքը լրջորեն չի քննարկում, թե իրականում ինչ հզոր զենք կարող է դառնալ երկրի համար մշակույթը, եթե քաղաքական հստակ վեկտոր ունենա: Ուղղակի պետք է մի քիչ ուսումնասիրել տարբեր երկրների փորձն ու ամեն ինչ պարզ կլինի: Չկա՛ պատրաստի մշակութային քաղաքականության մոդել, բոլոր երկրներն այսօր կանգնած են մշակութային քաղաքականության խնդրի պրոցեսի առջև, ու մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, պետք է այն ադապտացնենք մեր իրականությանը, մեր ռեսուրսներին ու հնարավորություններին: Եթե ուշադիր եք եղել, նկատած կլինեք, թե Արցախում ինչ խելացի մոտեցում են ցուցաբերում. պարբերաբարԱրցախ են հրավիրում աշխարհահռչակ մշակութային գործիչների: Հասկանում են, որ եթե Մոնսերատ Կաբալյեի պես արվեստագետը փոքրիկ գրառում կամ հայտարարություն անի Արցախի մասին, միիոնավոր մարդկանց հասանելի կդառնա այդ խոսքն ու կամրապնդի վստահությունը տվյալ երկրի հանդեպ: Աշխարհը կտեսնի, որ այս երկիրը ստեղծարար, խաղաղասեր, պատերազմից խուսափող երկիր է:

- Մշակույթի, նաև կրթության քարոզման մեջ մեծ դեր ունի նաև հեռուստատեսությունը: Որքանո՞վ է այն իր գործառույթը այդ առումով ճիշտ իրականացնում:

- Այս հարթակում էլ մենք խնդիր ունենք, մատների վրա կարելի է թվել այն հեռուստաընկերությունները, որոնք քիչ թե շատ որակ են ապահովում: Իհարկե, չեմ պնդի, թե այսօր հեռուստատեսությունը հասարակական կյանքի կենտրոնում է, կամ տեղեկատվական դաշտի առանցքն է: Համացանցը շատ ավելի զորեղ գործիք է, TV-ն բավական խեղճացած է նորագույն տեխնոլոգիաների մոտ: Սակայն, լայն մասսաների համար հեռուստատեսությունը դեռևս մնում է հիմնական տեղեկատվական ու ժամանցային հարթակը: Իսկ ի՞նչ ենք մենք տարիներ շարունակ ներարկում մեր քաղաքացիներին. որ սա այլանդակ, քրեական երկիր է, նողկալի բառապաշարի ու նողկալի հարաբերությունների երկիր է, որտեղ ոչ մի լավ բան տեղի չի ունենում, այլ միայն բռնաբարություն, սպանություն, «Սուր անկյուն»-ներ ու «Կիսաբաց լուսամուտ»-ներ են: Ինչո՞ւ պետք է ես երեկոյան հոգնած տուն մտնեմ, հեռուստացույցը միացնեմ ու լսեմ, թե ինչպես է ինչ-որ BMV-ի վարորդ խեղճ մի մարդու վրաերթի ենթարկել: Վերջերս սկսեցի մի քանի հաղորդում նայել «Կիսաբաց լուսամուտներ»-ից, ու գիտե՞ք ինչ պատճառով. այդ հաղորդման ամեն մի եթերից հետո կարելի է քրեական գործ հարուցել մի քանի հոգու հանդեպ: Մի կողմից թվում է՝ լավ է, որ հատակից այդ մարդկանց դուրս են բերում, բայց մյուս կողմից էլ փոխում են մեր պատկերացումը իրականության հանդեպ: Նման տեղեկատվությունից հետո բնակությանդ վայրը, երկիրդ փոխելու ցանկություն ես ունենում: Մեր պետության ինչպիսի՞ պատկեր ենք ձևավորում: Սիրիայում հոգևոր հայրը գիտե՞ք ինչ ասաց. «Դուք եկել կոչ եք անում, որ ձեզ մոտ ներդրումներ անենք, բայց ձեր սերիալները նայելուց հետո ոչ մի սփյուռքահայ Հայաստանում ներդրում չի անի»: Մեր սերիալները ցույց են տալիս քրեական և այլանդակ պատմություններ, ու ես այն մտքին եմ, որ պետք է խիստ սահմանափակել նեգատիվ տեղեկատվությունը և մեծ ուշադրություն դարձնել պոզիտիվին՝ տարբեր ոլորտներում: Բացասական տեղեկատվությունը պետք է վերաբերվի միայն այն ոլորտներին, որոնք ունեն ազգային անվտանգության նշանակություն, որոշակի ուղերձներ:

- Հանրությանը բացասականը հրամցնելու մեջ հատուկ պետական քաղաքականություն տեսնո՞ւմ եք:

- (Մտածում է՝ հեղ.) դժվարանում եմ պատասխանել: Պարզապես, սա մարդկային բնազդ է, մարդիկ սիրում են դաժան տեսարաններ: Աշխարհում գլադիատորական խաղեր են եղել, դրանից հետո ի՞նչ կարող ես ասել: Եկեղեցու հայրերից մեկը նկարագրում էր, թե ժողովուրդն ի՞նչ էքստազի մեջ էր ընկնում արյունահեղ տեսարաններից, երբ գազանը հոշոտում էր մարդուն: Հոգեբանական այն ներգործությունը՝ երբ վտանգը դիմացդ է, բայց դու վտանգից հեռու ես, շա՜տ հզոր գործիք է: Բայց պետք է կարողանանք գիտակցել՝ մենք հիմա ոտքի կանգնելու, մեր երկրի վերաբերյալ մեր պատկերացումը փոխելու խնդիր ունենք: Մի կողմից զբոսաշրջության ոլորտում աշխարհին ներկայացնում ենք, որ մեր երկիրն անվտանգ երկիր է, որտեղ կարող ես գիշերը զբոսնել, մինչև ուշ երեկո ռեստորաններում նստել ու որևէ մեկը քեզ չանհանգստացնի, մյուս կողմից մեր սերիալներն ու հաղորդումները ցույց են տալիս, որ իրականությունն այստեղ այլ է: Եկեք հասկանանք՝ ինչպե՞ս ենք մենք մեզ ընկալում ու դիրքավորվում աշխարհում:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:00 Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել իր դեսպանին Այսօր, 19:48 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ Այսօր, 19:45 Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը Այսօր, 19:42 Ռուսաստանի պետական բանկերի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները մեղմացվելու են Այսօր, 19:37 ՀՀԿ-ից Է. Շարմազանովը և Ա. Դավթյանը հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ Այսօր, 19:37 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ Այսօր, 19:28 Տոմսկում շունը նորածնի է կրծել Այսօր, 19:25 Վարչապետը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր Այսօր, 19:19 Լիտվայում շնասերների համար հավելված է գործարկվել Այսօր, 19:14 Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել (Տեսանյութ) Այսօր, 19:10 Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը Այսօր, 19:06 Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 19:00 Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու հարցը դատարանը կքննի փետրվարի 26-ին Այսօր, 18:52 Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Այսօր, 18:46 Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել. նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ Այսօր, 18:43 ՎիվաՍել-ՄՏՍ. Հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության մասին տեղեկությունները Այսօր, 18:41 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին Այսօր, 18:36 Պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը. Լիլիթ Մակունցն ու Վիգեն Ստեփանյանը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 18:30 Եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր. Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին Այսօր, 18:23 ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 18:20 ՊԲ հրամանատարը և ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը Այսօր, 18:15 Ռուսական կողմը փորձում է հայկական մարդասիրական առաքելության գործուղման համատեքստում գրգռել ԱՄՆ-ին. վերլուծաբան Այսօր, 18:02 Եվրոպան համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակն է, հայտնել են Bloomberg-ից Այսօր, 17:53 Կառուցողական քննարկում էր. Վիճահարույց օրենքի փոփոխությունները քննարկելու համար հանդիպել են պատգամավորն ու հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները Այսօր, 17:47 Մոսկվայում գարուն է հաստատվել Այսօր, 17:37 Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար Այսօր, 17:29 Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել Այսօր, 17:27 Փետրվարի վերջին ԱԺ նախագահը կմեկնի Մոսկվա Այսօր, 17:19 Մոսկվայում «ականապատված» օբյեկտներից ավելի քան 5 հազար մարդու են տարհանել Այսօր, 17:14 Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում Այսօր, 17:09 Որևէ մեկի դեմ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել. Պաշտպան Այսօր, 17:07 ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այց է կատարել Ասկերան Այսօր, 17:03 Բոլթոնը սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ Այսօր, 16:58 Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը. Կալաշնիկով Այսօր, 16:53 «ՄՅՈՒ»-ն, «Էվերտոնը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրվում են Բրաիմիի ծառայություններով Այսօր, 16:45 ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու. Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին Այսօր, 16:40 Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը Այսօր, 16:33 Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով Այսօր, 16:17 Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին Այսօր, 16:09 Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում Այսօր, 16:00 WP. Facebook-ը և ԱՄՆ իշխանությունները քննարկում են սոցցանցի համար «բազմամիլիարդանոց» տուգանքը Այսօր, 15:54 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 15:50 Հնդկաստանը Պակիստանին կզրկի առևտրական արտոնություններից՝ Քաշմիրի ահաբեկչությունից հետո Այսօր, 15:39 Հնդկաստանում ահաբեկչության հետ կապված 5 մարդ է ձերբակալվել Այսօր, 15:30 Անհայտ անձը հարձակվել է Իվանովոյի քաղաքապետի վրա Այսօր, 15:23 Պոմպեոն չի հերքում Իրանի հրթիռային ներուժի սաբոտաժի ծրագրի առկայությունը Այսօր, 15:16 Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը Այսօր, 15:11 ՌԴ Պետդումայի պատվիրակությունը Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի խնդիրը քննարկել է Հայաստանի խորհրդարանում Այսօր, 15:07 Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել Փարիզի մետրոյում Այսօր, 15:00 Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչի 20 ինքնատիպ երգ Այսօր, 14:55 Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. քաղաքապետ Այսօր, 14:51 Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Այսօր, 14:45 Հայիթիի նախագահը հրաժարվել է պաշտոնաթող լինել Այսօր, 14:40 Կառավարության հիմնավորումների մեջ մարդասիրական մոտիվացիա չկա. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 14:33 Լոնդոնը կշարունակի Brexit-ի շուրջ գործարքի վերանայման հասնելու ջանքերը Այսօր, 14:27 Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի Այսօր, 14:22 Բեյլը 12 ամսով կարող է որակազրկվել Այսօր, 14:18 Նման բան չկա, հերյուրանք է. Քաղսիի նախկին համայնքապետը՝ Սասուն Միքայելյանի կողմից ճնշումների մասին Այսօր, 14:15 Ռուսաստանում ներկայացրել են հազվադեպ հանդիպող ադամանդ (Տեսանյութ) Այսօր, 14:11 Հայաստանի բնապահպանության նախարարը մեկնելու է Քենիա Այսօր, 14:08 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Այսօր, 14:07 Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 14:02 Մշակույթի նախարարության հայտարարությունը՝ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ Այսօր, 14:00 Ունեմ առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր. Արմեն Սարգսյան Այսօր, 13:59 Հայաստանում պետք է ստեղծվի երիտասարդների հաջողությանը նպաստող միջավայր, այլապես նրանք կհեռանան. Արմեն Սարգսյան Այսօր, 13:49 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Այսօր, 13:46 Կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները կգույքագրվեն. նրանք կտեղեկացվեն առկա թափուր աշխատատեղերի մասին. Աղաջանյան Այսօր, 13:41 Ժաննա Անդրեասյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Այսօր, 13:38 Առերևույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 13:34 Վերջին տվյալներով՝ պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. Դավիթ Սանասարյան Այսօր, 13:32 Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3 Այսօր, 13:26 Ջրօգտագործող ընկերություններում ստուգումները կավարտվեն մինչև մարտի 15-ն ու կտրվի համապատասխան ընթացք. Սանասարյան Այսօր, 13:23 Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում. Վահրամ Քահանա Մելիքյան Այսօր, 13:20 Երևանից մինչև Իրանի սահման ծրագրում «ծիծաղելի» գողություններ է կատարվել Այսօր, 13:13 Հայտնի շրջանակների լրատվամիջոցները հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում՝ հերթական թանկացումը, все пропало, клиент уезжает, гипс снимают. Փաշինյան Այսօր, 13:08 Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լինել պետական պաշտոնյա. Դավիթ Սանասարյան Այսօր, 13:02 Ձե՞ռ եք առնում. Մարուքյանն՝ Ագրարային համալսարանի ռեկտորից հրապարակային ներողություն խնդրելու մասին Այսօր, 12:58 «Նովոստի-Արմենիա» գործակալությունը գործարկել է միայն լավ լուրերի ժապավեն Այսօր, 12:50 Կառավարության անդամների ճեպազրույցները լրագրողների հետ (Տեսանյութ) Այսօր, 12:44 Աջ ղեկով ավտոմեքենաները ՀՀ տարածք մինչև ապրիլի 1-ը ներմուծելու հարցը հանվեց կառավարության օրակարգից. պայմանավորվածություն է խախտվել Այսօր, 12:39 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 12:35 Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը Այսօր, 12:29 Կառավարության ծրագրում չկան իշխանությունների տարանջատման և հակակշռման ուղղությամբ հստակ քայլեր. Սաքունց Այսօր, 12:23 Պուտինը Սոչիում ձյուդոյի մարզման ժամանակ վնասել է մատը Այսօր, 12:18 Ջրային համակարգում մոտ 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա. վարչապետ Այսօր, 12:10 Ոչ թե ժողովրդավարական զարգացման երկրի ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելուն ուղղված ծրագիր. Հայկուհի Հարությունյան Այսօր, 12:06 Երևանում կանցկացվի Եվրամիության PPRD East ծրագրի հավաքը Այսօր, 11:58 Կա տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են. Փաշինյան Այսօր, 11:50 Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կկարողանան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 11:50 Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանին Այսօր, 11:48 Կառավարության նիստ. LIVE Այսօր, 11:47 Նախորդ տարիների ընտրություններում արդյունքները վիճարկելը ընտրական մշակույթի բաղկացուցիչ է եղել. Տիգրան Մուկուչյան Այսօր, 11:42 Ծրագրում ամրագրվում է՝ կառավարությունը բացառելու է որևէ միջամտություն դատական համակարգի գործունեությանը. Քրմոյան Այսօր, 11:35 Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:32 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին Այսօր, 11:26 Վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է. դեսպան Այսօր, 11:21 Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Վարչապետ Այսօր, 11:15 Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:12 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 11:11 Ամերիկյան դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել

Տվյալ բաժնի վերջին նյութերը