16/08/2018 17:34
ՀՀ ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:
Տնօրենը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթել հաջող ծառայություն և վստահեցրել, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:
Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:
ՌԴ կողմը ևս պատրաստակամություն է հայտնել նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձել ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: