16/08/2018 14:06
Անահիտ Ֆարմանյանը չի խուսափում քննությունից, մինչև արձակուրդ մեկնելը նրան նույնիսկ չեն հրավիրել մասնակցելու քննչական գործողություններին. փաստաբան (Տեսանյութ)
Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից, այլ մեկնել է ամենամյա արձակուրդ՝ Վրաստանից հետո՝ Ռուսաստան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ֆարմանյանի փաստաբան Նարեկ Ալոյանը։
Հիշեցնենք՝ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է համալսարանում աշխատելու ժամանակ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Դատարանը որոշել է կալանավորել Ֆարմանյանին, և քանի որ նա Հայաստանում չի եղել, որոշվել է հայտարարել հետախուզում։
«Նրա՝ արձակուրդում գտնվելու մասին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացված է եղել և Ֆարմանյանի հետ վարույթն իրականացնող մարմինը կապի մեջ է եղել փաստաբանի միջոցով։ Պնդումները, թե կա քննություն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկ, մենք համարում ենք անհիմն», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Ալոյանը։
Նա տեղեկացրեց, որ Ֆարմանյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները կբողոքարկեն նրան կալանավորելու որոշումը։ «Բողոքների վիճարկումից հետո Ֆարմանյանը կվերադառնա Հայաստան», - տեղեկացրեց Ալոյանը։
Հարցին, թե ինչո՞ւ մինչ այդ Ֆարմանյանը չի վերադառնա Հայաստան, մյուս փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանեց.
«Տիկին Ֆարմանյանի արձակուրդը վերջանում է օգոստոսի վերջին, ինչի մասին ես անձամբ տեղյակ պահել եմ վարույթն իրականացնող մարմնին։ Նույնիսկ հայտնել եմ, որ նա ավելի վաղ է վերադառնալու արձակուրդից։ Սակայն շուտ վերադառնալու և քննությանը մասնակցելու մասին պահանջ կամ առաջարկ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ներկայացվել»։
Փաստաբանը պնդում է, որ ճիշտ չեն վարույթն իրականացնող մարմնի՝ Շիրակի դատախազության պնդումները, թե Անահիտ Ֆարմանյանը խուսափում է քննությունից։ Ավելին, Խուդոյանը նաև փաստեր ունի այդ մասին, մասնավորապես այն, որ Անահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդ մեկնելը չի հրավիրվել մասնակցելու քննչական գործողություններին։
«Ես անձամբ կապվել եմ Մուշի ոստիկանության բաժնի ու քննիչի հետ, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել դատավարական գործողություններին և ինչպես ընդունված է, խնդրել եմ այդ գործողությունները պլանավորել իմ միջոցով», - հայտարարեց փաստաբանը՝ ընդգծելով, որ նախկինում նույնիսկ վկայի կարգավիճակով չի հրավիրվել իրավապահների կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում