16/08/2018 11:40
Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով` Երևանի ավագանու օրը կառավարության որոշումից հետո պետք է նշանակի Կնետրոնական ընտրական հանձնաժողովը, որոշման ընդունումից 30-40-օրյա ժամկետում:
«Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են ու հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով», - կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց` իր գլխավորած կառավարութան համար առաջնահերթություն է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը:
«Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված` ընտրակեղծարարների խմբերը այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության», - ասաց վարչապետն` ընդգծելով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է»:
Վարչապետը նշեց` համոզված է, որ «ամեն ինչ հենց այսպես կլինի».
«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, նկատի ունեմ հայտնի խմբերին ու շրջանակներին, իսկ եթե կտրվի` իր ընտրությունն է, այդ դեպքում ՀՀ օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ ու պետական մարմինները», - ամփոփեց ՀՀ վարչապետը: