16/08/2018 11:15
Կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը և ես կարծում եմ` այս 100 օրվա մեջ լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը և ես ուզում եմ արձանագրել, որ այս 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է` ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ 100-օրյա ժամանակաշրջանից հետո կառավարությունը թևակոխելու է մի նոր փուլ.
«Այդ նոր փուլի հիմնական իմաստը բարեփոխումները «ֆորսաժի» ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ քաղաքացիները դրել են մեր առաջ և որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք և լուծում ենք արդյունավետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: