16/08/2018 13:43
Ի՞նչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը դատարանում. Հայկ Ալումյանը հատված հրապարակեց
«0038» հրամանը ո′չ հրապարակված մասով, ո′չ էլ չհրապարակված մասով չի վերաբերում զորքի կիրառմանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը.
«Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին», - ասաց փաստաբանը:
Նա լրագրողներին ներկայացրեց նաև Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթից մի հատված.
«Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասաց, որ մենք ունեինք մի փորձ, որը մեր սեփական փորձը չէր, մեր թշնամու փորձն էր: Ո՞րն է դա: Ադրբեջանում 90-ականներին կար մի ապստամբ զինվորական` Սուրաթ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ զինված ուժերում և, օգտվելով դրանից, միացավ այնտեղի ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ:
Գյանջայից զորքն ուղղվեց դեպի Բաքու: Քոչարյանը դատարանում ասաց` «մենք տեսել ենք, թե ինչպես է եղել»: Արդյունքում Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մի խռովարար զինվորականի գորոծողությունների պատճառով: Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք: Հիմա Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին», - ասաց Հայկ Ալումյանը:
Նշենք, որ ավելի վաղ Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահի ելույթը որակել էր փայլուն: