16/08/2018 12:56
Ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել և որոշ քաղաքացիներ օգտվել են դրանից. Վալերի Օսիպյանը` ոստիկանների ու միասեռականների միջև միջադեպի մասին
ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն` անդրադառնալով օրերս նույնասեռական անձանց ու ոստիկանության ծառայողների միջև եղած միջադեպին.
«Եթե ոստիկանությունը 1-2 քաղաքացու նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունք կարելի՞ է ենթադրել որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է: ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ և ունակ է պաշտպանել և′ իրեն, և′ ՀՀ քաղաքացիներին», - ասաց Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ դեռևս չի տեսնում:
Օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին, այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»:
Ավելի ուշ «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունից Aysor.am-ին հայտնել էին, որ ոստիկանության բաժանմունքում ոստիկանության ծառայողները ծեծել են միասեռականներին և իրենք պատրաստվում են դիմել Հատուկ քննչական ծառայություն։