17/08/2018 14:37
Սեպտեմբերի 10-ին մեկնարկելիք ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորներ կընտրվեն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ է հանդես եկել։
««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Ռազմիկի Սեդրակյանի, Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի և Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երրորդ նիստում», - նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում էլ կքննարկվի Վճռաբեկ դատարանի նախագահի հարցը։ Այդ պաշտոնում առաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։