17/08/2018 19:12
Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի ԱՄՆ գործողություններին համաչափ պատասխանել
Թուրքիան մտադիր է հետագայում ևս համաչափ պատասխանել ԱՄՆ ցանկացած գործողության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:
«Մենք ԱՄՆ-ին արդեն պատասխանել ենք ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների, մտադիր ենք հետագայում ևս համաչափ պատասխաններ տալ», - ասել է թուրք նախարարը, փոխանցում է NTV-ն:
Նախօրեին Փեքջանը հայտնել էր, որ Անկարան ԱՀԿ-ում կբողոքարկի թուրքական պողպատի և ալյումինի մաքսատուրքերի բարձրացման ԱՄՆ որոշումը: Դրանից բացի, երկրի առևտրի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի կողմից սահմանվող մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը գնահատվում է տարեկան 533 մլն դոլար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին կարգադրել էր Թուրքիայից ներմուծվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկել՝ համապատասխանաբար հասցնելով մինչև 50 և 20 տոկոսի: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ի պատասխան հայտարարել էր ամերիկյան ամբողջ էլեկտրոնիկայի բոյոկտի մասին եւ բարձրացրել ԱՄՆից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը: