17/08/2018 17:49
Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր կառավարման 100 օրվա ամենակարևոր ձեռքբերումը այն ժողովուրդն է, որն այսօր իր հետ երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ ու մասնակցում հանրահավաքին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ Հայաստանում բռնություն չի լինելու, և մարդիկ, ովքեր եկել են այստեղ, իրենց կամքով են եկել։
«Քայլերթի նպատակը Հայաստանի քաղաքացիների հետ լինելն է ևս մեկ անգամ և ՀՀ քաղաքացիներին ողջունելը, նրանց ասելը, որ հպարտանում եմ բոլորով։ Այս մթնոլորտն է նպատակը», - հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, որ փայլուն տրամադրություն ունի։ Լրագրողները, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը, նշեցին, որ ըստ նրա ինքը կարող է նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը լինել, ինչին Փաշինյանը արձագանքեց. «Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երթը դեպի Հանրապետության հրապարակ մեկնարկել է Արցախի փողոցից, որտեղից ապրիլի 22-ին նրան բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Նրա հետ է նաև իր թիմը։