17/08/2018 19:27
Խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի. Նիկոլ Փաշինյանի հորդորը՝ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակի հարթակից ողջունեց կառավարության անդամներին, կուսակիցներին, որոնք ներկա էին հարթակում։ Ի դեպ, հարթակում էին նաև կառավարության ոչ անդամ, բայց կուսակից պատգամավորները, ովքեր մասնակցել էին քայլերթին՝ «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում։
Փաշինյանը նաև ողջունեց կառավարության այն անդամներին, ովքեր հարթակում չէին։
Նա այսօրվա հանրահավաքը համարեց բացառիկ, քանի որ «հարյուր հազարավոր քաղաքացիներ են եկել մայրաքաղաք գրեթե բոլոր մարզերից»։
«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ։ Այսօր հայ ժողովրդի միասնական հաղթանակի օրն է։ Այսօր, քանի որ միասնության օր է, խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի։ Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է», - հայտարարեց Փաշինյանը։
Նկատենք, որ հրապարակում քաղաքացիները պահած ունեին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարով պաստառներ, որոնք գծված էին կարմիրով։