17/08/2018 20:51
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրություններին ընդառաջ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին:
«Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ներկայիս սահմանադրական հնարավորություններով ես` որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ընթացակարգը ներկայացրեց Ն. Փաշինյանը` շարունակելով.
«Հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը, ասում են` «դե թողենք հրաժարական տա, հետո արագ թաքուն վարչապետ կընտրենք», ասենք, օրինակ` չասեմ ում էլի… Այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև՝ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:
«Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ Ազգային Ժողովը և դա տեղի կունենա միայն մի պայմանում, երբ դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, դա ձևակերպեք որպես ձեր կողմից հստակ պահանջ։ Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում», - ասաց ՀՀ վարչապետը: