17/08/2018 18:44
Վարչապետի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը, որը մեկնարկել էր Արցախի փողոցից, հասավ Հանրապետության հրապարակ։ Այստեղ համերգ է, և մեծաթիվ քաղաքացիներ սպասում են վարչապետին ու նրա ղեկավարած կառավարության անդամներին։ Մինչև հարթակին մոտենալը Փաշինյանը մուտք գործեց կառավարության շենք՝ հայտնի չէ, թե ինչու։
Նկատենք, որ վարչապետի հետ Արցախի փողոցից երթին մասնակցել են հիմնականում նրա կուսակիցները, համակիրները, որոնք այժմ կառավարության կազմում են։
Ավելի վաղ վարչապետը ասել էր, որ Արցախի փողոցից երթով հրապարակ գալը խորհրդանշական է, քանի որ հենց այստեղից իրեն ապրիլի 22-ին բերման ենթարկեցին ոստիկանություն։
«Քայլերթի նպատակը Հայաստանի քաղաքացիների հետ լինելն է ևս մեկ անգամ և ՀՀ քաղաքացիներին ողջունելը, նրանց ասելը, որ հպարտանում եմ բոլորով։ Այս մթնոլորտն է նպատակը», - երթի մեկնարկին հայտարարել էր Փաշինյանը։