17/08/2018 20:19
Նստելու եք բոլոր մարդասպաններով. Փաշինյանը՝ մարտի 1-ի գործով պատասխանատուների մասին (Տեսանյութ)
Այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարություններին, թե ինքը քաղաքական հետապնդման զոհ է։
«Եթե զոհ եք, բա ի՞նչ եք անում ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է, որ մենք ձևերը չգիտենք՝ ինչպես են դատավորին պարտադրում ապօրինի այս կամ այն որոշումը կայացնել։ Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից և ուզում եմ ասել, որ մենք հպարտ ենք մեր կառավարության համար, որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից», - հայտարարեց Փաշինյանը։
Այդուհանդերձ, նա ասաց, որ որևէ մեկին թույլ չեն տալու խուսափել պատասխանատվությունից.
«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ին 10 քաղաքացիներին սպանելու և Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից։ Չի կարող լինել այդպիսի բան։ Չի կարող լինել այդպիսի բան։ Եվ խնդրում եմ, որ դուք ասեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից։ Նստելու եք բոլոր մարդասպաններով։ Եվ ես սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ժողովրդի անունից»։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալներ են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար։