18/08/2018 17:32
Վարչապետի հայտարարություններում կան ենթատեքստային սպառնալիքներ ուղղված դատավորներին. Դավիթ Հարությունյան
Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին և նշել, որ դրանցում կան սպառնալիքներ ուղղված դատավորներին։
Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: :
Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար։
Մինչդեռ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:
Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։
Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»,-իր հայտարարության մեջ նշել է Հարությունյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում Փաշինյանը դիմելով իր խոսքով, դատական համարգի ներկայացուցիչներին, պահանջել էր խելքները գլուխները հավաքել ու ժողովրդի հետ կատակ չանել։տ